ManUtd.am — ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՆ ԿԱՅՔ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

The Athletic-ը՝ Ջեյ-Ջեյ Գաբրիելի հեռանալու իրավիճակի մասին

17 սեպտեմբերի, 2026 թ.
The Athletic-ը՝ Ջեյ-Ջեյ Գաբրիելի հեռանալու իրավիճակի մասին
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Ջեյ-Ջեյ Գաբրիելը «Քարինգթոնում» չի հայտնվել «Սաբահի» դեմ ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի հանդիպումից հետո, և այս պահին նրա վերադարձը չի սպասվում։ Առաջին լուրջ նշանները, որ իրավիճակը կարող է վերածվել կոնֆլիկտի, ի հայտ եկան անցած հինգշաբթի, երբ Ջեյ-Ջեյը խաղաց U19 թիմի կազմում ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայում, մինչդեռ նրա շրջապատը սպասում էր, որ նա առաջին թիմի կազմում իր նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում՝ «Սաբահի» դեմ։ Հանդիպումից կարճ ժամանակ անց «Յունայթեդի» ղեկավարությանը տեղեկացվեց, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից։ Շաբաթ օրը Գաբրիելը պետք է մարզվեր առաջին թիմի հետ, սակայն նա չներկայացավ մարզմանը։ Իսկ արդեն երկուշաբթի «Յունայթեդը» պաշտոնական նամակ ստացավ՝ Ջեյ-Ջեյի գրանցումը չեղարկելու պահանջով։ Ակումբում սպասում էին, որ նա երեքշաբթի կմիանա մարզմանը, և նրան ներառել էին «Բրայթոնի» դեմ հանդիպման հայտացուցակում, սակայն ֆուտբոլիստը կրկին չներկայացավ բազայում։ Ջիմ Ռեթքլիֆը տեղյակ է իրավիճակին, իսկ գործընթացի կարգավորմանը ներգրավվել է ակումբի բարձրագույն ղեկավարությունը։ Այնուամենայնիվ, ակումբում կարծիք կա, որ իրավիճակն արդեն կարող է անդառնալի լինել՝ հաշվի առնելով, որ կոնֆլիկտը դարձել է հանրային։ Մադրիդի «Ռեալը» Գաբրիելի տեղափոխության ուղղությամբ աշխատում էր արդեն մի քանի ամիս և փորձում էր գործընթացը գաղտնի պահել՝ հաշվի առնելով նախկինում մի շարք եվրոպական ակումբների նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչպես նաև մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների տրանսֆերները կարգավորող ՖԻՖԱ-ի կանոնները։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու «Ռեալի» փորձերի մասին տեղյակ էին միայն մի քանի անձինք։ Ըստ առկա տեղեկությունների՝ «Ռեալը» չի նախատեսում Ջեյ-Ջեյին ընդգրկել առաջին թիմում։ Նա պետք է հանդես գա ակումբի երկրորդ թիմում և մասնակցի ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի հանդիպումներին։ «Յունայթեդը» մտադիր չէ բավարարել գրանցումը չեղարկելու պահանջը։ Սա նշանակում է, որ ֆուտբոլիստը ստիպված կլինի կատարել գործող համաձայնագրի պայմանները մինչև դրա գործողության ժամկետի ավարտը՝ հաջորդ ամռանը։ Սակայն եթե Ջեյ-Ջեյն ունի Եվրամիության անդամ երկրի քաղաքացիություն (ինչը ներկայումս հաստատված չէ), նա կարող է տեղափոխվել մայրցամաքային Եվրոպայի որևէ ակումբ, երբ հոկտեմբերի 6-ին դառնա 16 տարեկան։ Այնուամենայնիվ, «Յունայթեդում» կարծում են, որ ակումբից հեռանալու համար ֆուտբոլիստին կարող է անհրաժեշտ լինել ՖԻՖԱ-ի հատուկ թույլտվությունը։ Կազմակերպության կանոնակարգի համաձայն՝ այս տարիքի ֆուտբոլիստները կարող են տեղափոխվել այլ երկիր միայն այն դեպքում, եթե նրանց ծնողները փոխում են բնակության վայրը՝ ֆուտբոլի հետ չկապված պատճառներով։ «Մանչեսթեր Յունայթեդում» այժմ անցկացվում են խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվում է ստեղծված իրավիճակում հետագա քայլերի հարցը։ Ակումբը նախատեսում էր Գաբրիելին աշակերտական պայմանագիր առաջարկել նրա 16-ամյակի օրը՝ հաջորդ ամիս։ Պայմանագիրը պետք է ներառեր պարտավորություն՝ 17 տարին լրանալուց հետո լիարժեք պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելու վերաբերյալ։ «Յունայթեդում» վստահ են, որ որևէ այլ ակումբ չի կարող ֆուտբոլիստին առաջարկել ավելի շահավետ ֆինանսական պայմաններ։ Սակայն Գաբրիելի մտադրություններն այժմ բավական ակնհայտ են թվում, ուստի ակումբին, ըստ ամենայնի, մնում է միայն սպասողական դիրք զբաղեցնել։ Ֆուտբոլիստի գրանցումը չեղարկելու վերաբերյալ ծանուցման պաշտոնական պատասխանը պետք է ուղարկվի մինչև ուրբաթ։
The Athletic-ը՝ Ջեյ-Ջեյ Գաբրիելի հեռանալու իրավիճակի մասին | ManUtd.am